Սեպտեմբերի 15

Ստեփան Զորյան | Պապն ու թոռը

Եփրեմ պապը շա՜տ ծեր էր։ Վաղուց նրա աչքերը չէին տեսնում, ականջները ծանր էին լսում, իսկ գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես։ Դողում էին և նրա սառը, չոր ձեռները. այնպես որ, երբ նա թանով ապուր էր ուտում կամ շորվա, կերակուրը միշտ կաթկթում էր նրա սպիտակ, մի քիչ էլ կանաչած միրուքի վրա։Բացի դրանից, Եփրեմ պապը չէր կարողանում երկար ման գալ, հեռու տեղ չէր գնում և միայն արև օրերին, երբ սիրտն ուզում էր զբոսնել տան առաջի պարտիզում, կանչում էր թոռանը — Աստղիկին և նրա առաջնորդությամբ, ձեռնափայտը ձեռին, կամաց-կամաց ման էր գալիս ծառերի տակ։ Հետո Եփրեմ պապի ատամներից շատերը թափվել էին, դրա համար էլ ոչ միս էր կարողանում ուտել, ոչ չոր հաց։Շա՜տ ծեր էր Եփրեմ պապը։ Տանը նրան այնքան էլ չէին սիրում և ամեն բան չէին տալիս ուտելու։ Բայց նա սիրում էր ամենքին, և ամենից շատ փոքրիկ Աստղիկին. պատմում էր նրան հեքիաթներ, առակներ, պատմում էր ուրիշ տղաների, աղջիկների մասին և այն մասին, թե ինչո՛ւ են ընկնում աստղերը երկնքից։ Երբեմն կոպեկներ էր նվիրում նրան, որ կոնֆետ առնի… Եվ դրա համար Աստղիկը պապին շատ էր սիրում. ամեն անգամ բռնում էր պապի ձեռից և առաջն ընկածման ածում ծառերի արանքում ու բացատրում, թե որ ծառը ո՛րքան է բռնել և թե ինչպես է ծաղկել մասրի թուփը… Բայց Աստղիկը շատ էր ափսոսում, որ պապը չի տեսնում այդ բոլորը, և որովհետև պապը չէր տեսնում, Աստղիկը խղճում էր նրան և ավելի սիրում։Մի բան սակայն դուր չէր գալիս Աստղիկին, այն, որ պապը հիվանդանում էր շուտ-շուտ։Այժմ էլ՝ երեք շաբաթ էր ահա պապը հիվանդ էր։ Երբ նա հազում էր, Աստղիկին թվում էր, թե չոր տերևներ են խշխշում նրա կրծքի տակ, իսկ քնած տեղը այնպես էր խռխռացնում, մեկը կարծես խեղդում էր նրան… Քանի օր էր պապն ուզում էր դուրս գալ արևի տակ զբոսնելու, բայց տատը չէր թողնում. ասում էր՝ կմրսի… Եվ Աստղիկը զարմանում էր տատի վրա, թե ինչո՛ւ է նա այդպես անխիղճ մերժում պապին։ Ինչ կա որ,— մտածում էր նա,— թո՛ղ պապը դուրս գա, էլի տուն կգա… Բայց տատը և մայրիկը չէին թողնում։Եվ քանի նրանք չէին թողնում, պապն ավելի էր ցանկանում դուրս գալ…Եվ ահա մի օր պապն անսպասելի վեր կացավ անկողնից։ Աստղիկն այդ օրը շատ լավ է հիշում։ — Կիրակի էր. տատն ու մայրիկը գնացել էին ժամ, իսկ հայրիկը քաղաքումն էր։ Երբ ինքը՝ Աստղիկը, փողոցից եկավ տուն, տեսավ պապը նստել է անկողնում և ձեռքերով բան է փնտրում կողքին։— Ի՞նչ ես ուզում, պապի,— հարցրեց Աստղիկը։— Շորերս,— ասաց պապը դողալով։Աստղիկը տվեց նրան կապան, չուխան, ոտնամանները և գդակը։ Պապը դողդողալով հագնվեց և փայտը ձեռին դուրս եկավ պատշգամ ու նստեց այնտեղ թախտի վրա, արևի դիմաց։Այդ օրը պապի դեմքը շատ տարօրինակ էր։ Աստղիկը նայում էր նրան և զարմանում, թե ինչու այդպես մտամոլոր է պապը և ինչի է ականջ դնում նա։